ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Հոգևոր ավարայր է սկսվել

Հոգևոր ավարայր է սկսվել
26.07.2019 | 00:03

Հինգերորդ դարում պարսիկները կամենում էին հայոց քրիստոնյա ազգին պարտադրել զրադաշտությունը (կրակապաշտական կրոն), որ հեշտությամբ ուծացնեն մեզ: Այդ նպատակով կաշառում էին պարսկամետ տրամադրված նախարարներին ու սիրաշահում: Այս ծախու հոգիներն էլ հալածում էին բոլոր հակառակվողներին: Մովսես Խորենացուն, օրինակ, հալածեցին մինչև խոր ծերություն: Ոմանց նույնիսկ սպանում էին: Առակս զինչ ցուցանե…
Համաշխարհային պոռնիկ Եվրոպան աշխարհի բազմաթիվ ազգերի ծնկի բերեց` ընդունել տալով սրբապղծության ու այլասերվածության իր օրենքները, որ անձամբ թելադրված է այս աշխարհի իշխանի՝ սատանայի ու իր դրածոների կողմից: Ներկա ժամանակները, ասել է, մեզ մղում են հոգևոր Ավարայր:
Մինչ բուն ասելիքին անցնելը մտաբերենք պատմական մի դրվագ, որն էլ որպես օրինակ ունենալով, մինչև հաղթություն հասցնենք այս նոր Ավարայրը:


Մտովի տեղափոխվենք հայոց ոսկեդարի կեսերը: Վայրը` ՈՒփրեթ բերդը, որը գտնվում էր Հայաստանի ու Վրաստանի սահմաններում։ Այս երկրամասը իր բերրի հողերով, պղնձի հանքերով ու սաղարթաշատ անտառներով միշտ էլ նախանձի առարկա է եղել մերձակա երկրների թագավորների համար։ ՈՒ այդ չէ՞ր պատճառը, որ Վարդանանց պատերազմից հետո սկսեցին սատանայախորհուրդ քաղաքականություն բանեցնել հայերին, այդ թվում և բդեշխ Վազգենին, իրենց սուրբ հավատից օտարացնելու համար, քանզի այն, ինչ որ չկարողացավ անել զենքը, կկատարեն ոսկին ու փառքը։ Եվ ահա այդ խայծը կուլ տվեցին հայոց շատ նախարարներ, այդ թվում և Գուգարաց բդեշխ Վազգենը, որը յուր կամքով պարսից դուռն էր գնացել իր տիրույթները անձեռնմխելի պահելու համար։ ՈՒ հայոց այդ թշվառ Հուդան այնտեղ կամովին ուրանում է Քրիստոսին և մազդեականություն է ընդունում, որը նաև թույլ է տալիս երկու կին ունենալ: Որպես պարգև պարսից շահը իր զոքանչին է կնության տալիս Վազգենին։ Այս թշվառականը նաև խոստանում է պարսից մոգպետին, որ իր կնոջն ու երեխաներին էլ կդարձնի նրանց կրոնի հետևորդներ: Սրանով իսկ հիրավի կատարվեց Պողոս առաքյալի խոսքը. «Լվացված խոզը ցեխին վերադարձավ, շունը` իր փսխածին»։


Այս կայծակնագույժ լուրը երբ հասավ նրա կնոջը՝ Շուշան-Վարդենուն (նա Վարդան Մամիկոնյանի դուստրն էր), խեղճ կինը ուշակորույս գետին տապալվեց: Երբ ծառաները ուշքի բերեցին նրան, վերջինս լացով ու ողբով թե իր, թե իր սիրելի զավակների բախտը գուժեց։
Բայց Քրիստոս Տիրոջ Մարմինն ու Արյունը ճաշակած նախնիների արյան կանչը նրան քաջություն տվեց, ու իր ձագուկներին թևերի տակ առնելով՝ իսկույն եկեղեցի շտապեց։ ՈՒ գետնամած ընկնելով սուրբ խորանի առջև, ճակատը սառը հատակին, աղոթեց լացով ու ողբով, նախ Աստծուց իր զավակների հոգու փրկություն աղերսեց, որովհետև լավ գիտեր թե իր ամուսնու դաժանությունն ու կոպտությունը, և թե սատանայի դիվային հնարքները։
Դրանից հետո նա այլևս իր ապարանքը չգնաց, քանզի ամուսնական մահիճն իր համար այդուհետ որպես որդնալից մի գերեզման էր պատկերացնում։ ՈՒ նա մտնելով եկեղեցուն կից մի խուց, իր երկարաձիգ տառապանքների առաջին գիշերը անցկացրեց դարձյալ աղոթելով ու արցունք թափելով, քանզի դեռ չգիտեր, որ հավատքի մի նոր Ավարայր էր սկսվել, որն իր սաստկությամբ չէր զիջելու իր հոր` քաջ Վարդանի պատերազմին։ Եվ այդ գիշեր նա ուխտ կապեց Աստծո հետ, որ ինքը պատրաստ է թե բանտի, թե կապանքների հանուն իր նախնիների սուրբ հավատի՝ չթողնելով Քրիստոս Տիրոջ լույս ճշմարտությունը։ ՈՒ այդ ուխտից հետո Շուշանը ոտքի ելավ, ու կանգնեց հաստատուն՝ որպես մի թագուհի` իր երկնավոր Թագավորի` հաղթող Հիսուսի բազկին կռթնած։


Իսկ երբ Շուշանին դժվարությամբ համոզեցին պալատ վերադառնալ, նա որևէ կապ չէր ուզում ունենալ իր ամուսնու հետ: Ապարդյուն անցան նրան հավատուրացության մղելու ամուսնու բոլոր միջոցները: Վազգենը սկսեց ծեծել ու չարչարել, մինչև որ բանտ նետեց նրան՝ տալով միայն գարեհաց ու ջուր և թույլ չտվեց որևէ մեկը մոտը մտնի և վերքերը դարմանի, միաժամանակ շղթայել տալով նրան ինչպես մի մարդասպանի: Բայց ապարանքի եկեղեցու երեցը, չվախենալով բռնավորից, կարողացավ ներս մտնել ու տեսնելով իր հոգևոր դստեր խեղճ ու թշվառ վիճակը, սկսեց տղայի նման հեկեկալ: Մինչդեռ Քրիստոսի քաջասիրտ դուստրն ինքը սկսեց մխիթարել նրան՝ ասելով. «Մի՛ լացիր ինձ վրա, քանզի առանց նեղությունների ու չարչարանքների ոչ ոք չի կարող արդարների օթևանը մտնել ու Աստծո արքայությունը ժառանգել»:


Տարիներ անցան: Միակ փոփոխությունը եղավ այն, որ Ջոջիկ իշխանի` Վազգենի եղբոր խնդրանքով, թույլ տրվեց ընդամենը Շուշանի վզի շղթան հանել, որպեսզի կարողանար գլուխը գոնե կաշվե բարձի վրա դնել ու մի փոքր հանգստանալ: Սուրբ Հոգու զորությունն ու ներկայությունը այնքան էր մխիթարում ու զորացնում Աստծո համար շղթայված այդ վկային, որ նա իր համար բերած գարեհացն ու ջուրն էլ էր շատ համարում և երբեմն էլ շաբաթով ծոմ էր պահում, միայն շաբաթ ու կիրակի օրերին էր մի պատառ հաց ծամում Սուրբ Հաղորդությունից հետո:
Այսպես վեց տարի չարչարվեց ու տառապեց Աստծո մեծ վկայուհին՝ սնվելով միայն հացով ու պարզ ջրով: Մխիթարություն ու զորավիգ ունենալով տատի` Սահականույշի Ավետարանը, որը վերջինիս էր անցել հորից` Սահակ հայրապետից, և խաչափայտից մի մասունք: Նրա աննկուն հավատը չսասանվեց անգամ, երբ լսեց որդիներից մեկի` Քուռ գետում խեղդվելու մասին` այդպիսի մահը գերադասելի համարելով որդու համար, քան հավատուրացությունը:


Բանտարկության յոթերորդ տարում սուրբ Շուշանը հիվանդացավ՝ իր կրած սաստիկ տանջանքներից հյուծված ու մաշված: Մարտիրոսական մահվամբ կնքեց իր առաքինի կյանքը նույն այդ բանտում և թաղվեց Տփղիսի (ներկայիս Թբիլիսի) միջնաբերդում:
Վրաց մատենագրական պատմությունը նաև տեղեկացնում է, որ դաժան բդեշխին` Վազգենին, մի առիթով դաժանաբար սպանում են՝ նրա երկնային պատիժը սկսելով դեռ երկրից։
ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ. աշխարհի տասնյոթ կայսրություններ ու անպարտելի համարվող պետություններ դիմավորած ու պատմության գիրկը ուղարկած անպարտելի ազգ, այս վերջին ու վճռորոշ հոգևոր Ավարայրը ամենադաժանն ու փառավորն է լինելու, քանզի ինչպես Հայկ նահապետը իր եռաժանի նետով խոցեց Բել-Նեբրովթին, ու ինչպես մի շան սատկացրեց նրան, ով իրեն աստված էր հռչակել Բաբելոնի ազգերի վրա, ինչը սատանի խորհուրդն է այս օրերի մեջ, որ այժմ ուզում է աստվածանալ համայն ազգերին իր առջև ծնկի բերելով սրբապղծության իր օրենքներով, հիմա էլ իր պիղծ ճիրանները մեկնել է աշխարհում առաջինը ՔՐԻՍՏՈՍ ՀԻՍՈՒՍԻ Անունը կրող մեր ազգի դեմ:


ՈՒստի աղոթենք ամենքս, որ Հայկ նահապետի, Տրդատ-Հովհաննես արքայի, Գրիգոր Լուսավորչի, սուրբ Գևորգ, սուրբ Սարգիս և սուրբ Վարդան զորավարների, ինչպես նաև Ներսես Շնորհալու և Գրիգոր Նարեկացու բարեխոսությամբ ու մեր աղաչանքներով համայն ազգերի Տեր ու Արարիչ Աստվածը մեզ զորացնի ու հաղթող անի այս վերջին հոգևոր Ավարայրում, դրանով իսկ դարձյալ փառավորելով ՀՈՐԸ, ՈՐԴՈՒՆ ԵՎ ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒՆ, թե այժմ և թե հավիտյան, ամեն:


Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 19263

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ